Ս. Փարաջանովի Թանգարանի ֆոնդը ստեղծվել է 1988թ-ին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Ս. Փարաջանովի արվեստի
ստեղծագործությունների առաջին ցուցահանդեսից հետո: Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Փարաջանովին հատկացվել է երկու կից կառույց` բնակության և
թանգարանի համար: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 հազար ռուբլիով գնվել է Փարաջանովից, իսկ մյուս մասն ինքն է նվիրել իր թանգարանին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է մոտ 1637 ցուցանմուշներից.
- Փարաջանովի աշխատանքներից` կոլաժներ, ինստալացիաներ, ասամբլյաժներ, գծանկարներ, տիկնիկներ, գլխարկներ, ֆիլմերի համար արված էսքիզներ
- ռեժիսորի նամակագրությունը` նամակներ ուղղված Լ. Բրիկին, Ա. Տարկովսկուն, Յու. Նիկուլինին, Վ. Քաթանյանին և մշակույթի այլ գործիչների
- կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը
- արվեստագետների նվերներից՝ ովքեր իրենց աշխատանքներում պատկերել են Փարաջանովին, կամ ոգեշնչվել են նրանից և նրա արվեստից
Գոյության տարիների ընթացքում թանգարանի ֆոնդը համալրվել է և այսօր շարունակում է համալրվել և հարստանալ շնորհիվ նրա արվեստի նվիրյալների: