ՍՏԵ․ - 1988
ՀԻՄՆԱԴԻՐ - ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Համաշխարհային հեղինակություն վայելող ֆիլմերի հեղինակ՝ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ Սերգեյ Փարաջանովի թանգարանը գտնվում է Երևան քաղաքի Ձորագյուղ կոչվող գեղատեսիլ վայրում:
Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում 1988 թվականի հունվարին բացվում է Փարաջանովի արվեստի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը տևում է երեք ամիս: Փարաջանովյան անսահմանափակ երևակայությամբ կառուցված այս տոնակատարության ամեն մի պահը իրադարձություն էր դառնում և հազարավոր այցելուների հոսքը թանգարան չէր դադարում: Ցուցահանդեսի բացման խոսքում Փարաջանովը նշում է, որ իր արվեստն ազգություն չի ճանաչում և այն պատկանում է բոլորին, բայց երեք երկրներ առանձնահատուկ հոգեհարազատ են իր համար և դրանք նա համարում է իր հայրենիքները: «Առաջինը Վրաստանն է, որտեղ ես ձևավորվել եմ որպես անհատ, երկրորդը՝ Ուկրաինան, որն ինձ պարգևել է սեր, երջանկություն ու համաշխարհային ճանաչում, իսկ երրորդը Հայաստանն է, այստեղ իմ արմատներն են, որտեղ էլ ես ուզում եմ ապրել իմ կյանքի մնացած տարիները»: Փարաջանովի ընկեր, թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանը, նրա ելույթից ոգեշնչված, հաշված օրերի ընթացքում դիմում է կառավարությանը և շատ արագ որոշում է կայացվում շինություն հատկացնել տան և թանգարանի համար: Նրան առաջարում են երկու տարբեր շինություններ. առաջինը գտնվում էր Աբովյան փողոցի վրա (այսօրվա Դալանը), իսկ մյուսը՝ «Ձորագյուղ» ազգագրական թաղամասի երկհարկանի կիսակառույցն էր` բնակության և թանգարանի համար, որին էլ նախապատվությունը տալիս է Փարաջանովը:
Հայաստանին պատուհասած 1988 թվականի երկրաշարժի պատճառով շինարարական աշխատանքները դադարեցվում են: Չնայած շենքի կիսակառույց լինելուն, Փարաջանովը երջանիկ էր և բոլոր հարցազրույցների ընթացքում հպարտորեն նշում էր, որ իր համար կառուցում են երկհարկանի տուն-թանգարան: Նա երևակայում էր, թե ինչպիսին է լինելու իր տունն ու թանգարանը, որի բակում շրջելու են սիրամարգերը և իր հյուրերը զմայլվելու են դրանց գեղեցկությամբ: Շինարարական աշխատանքները վերսկսվում են 1990 թվականի գարնանը, ցավոք այդ ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է թոքերի քաղցկեղ և մահանում է՝ չհասցնելով ապրել իր տանն ու իրականություն դարձնել երազանքներն ու նպատակները: Սերգեյ Փարաջանովի թանգարանը բացվում է 1991 թվականին՝ նրա մահվան տարելիցին:
«Աշխարհում ինչ-որ տեղ կա՞ Սերգեյ Փարաջանովի թանգարան. նրա ստեղծագործությունների՝ գրաֆիկական աշխատանքների, տիկնիկների, կոլաժների, լուսանկարների, կինոյում, թատրոնում և բալետում այդպես էլ չներկայացված 23 սցենարների ու լիբրետոների: Գիտեմ, որ վաղ թե ուշ Փարաջանովի սցենարները կհրապարակվեն, և հուսով եմ, որ այդ թանգարանի քաղաքը կլինի Երևանը»
Միխայիլ Վարդանով
Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրենը պատմում է թանգարանի ստեղծման մասին
Թանգարանի ստեղծումը դարձավ մեր երկրի մշակութային կարևորագույն ձեռքբերումներից մեկը: Հիմնադրման մասին որոշումը կայացվեց 1988 թ.-ին՝ շնորհիվ ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի: Կառավարությունը գնեց ցուցանմուշների մի մասը: Ցավոք, Հայաստանին պատուհասած երկրաշարժի հետևանքով շինարարական գործընթացը կանգ առավ:1991թ.-ին՝ Սերգեյ Փարաջանովի մահվան տարելիցին ընդառաջ, անհրաժեշտ էր հնարավորինս շուտ վերաբացել թանգարանը: Այդ հարցում մեզ մեծապես օժանդակեց Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Համբարձում Գալստյանը՝ լուսավոր մի կերպար,ում ջանքերի շնորհիվ էլ բացվեց թանգարանը, հակառակ դեպքում այն կարող էր այդպես էլ անկատար մնալ:
Թանգարանը կառուցվում էր, և երևանցիներն աստիճանաբար սիրում էին այն, և այսօր արդեն դժվար է Երևանը պատկերացնել առանց այս թանգարանի: Բացի այդ, մենք կարող ենք հպարտանալ, որ մեր ժողովրդի զավակը, ով իսկական հանճար էր, ցանկանում էր տեսնել իր թանգարանն այստեղ՝Երևանում:
Կինոյի տաճարում կան պատկերներ, լույս և իրականություն։ Այդ տաճարի վարպետը Սերգեյ Փարաջանովն էր:
Ժան-Լյուկ Գոդար
Ցուցահանդես 30-ից ավել երկրներում
Թանգարանը հիմնադրվել է 31 տարի առաջ
Ցուցանմուշ
Մշտական ցուցադրություն
ՀԱՋՈՐԴ
Թանգարանի հիմնական հավաքածուն ներառում է 1640 ցուցանմուշ, ներառյալ հարթ և եռաչափ կոլաժներ, հավաքածուներ, ֆիլմերի համար պատրաստված էսքիզներ, գլխարկներ, տիկնիկներ և այլ անձնական իրեր:
Նրա նամակների հավաքածուն պահվում է թանգարանի ֆոնդում: Տարիների ընթացքում հավաքածուն համալրվել է և այսօր էլ շարունակում է համալրվել ու հարստանալ՝ նրա արվեստի նվիրյալների շնորհիվ:Բացման օրվանից մինչ օրս Ս.Փարաջանովի թանգարանը ակտիվորեն մասնակցում է քաղաքի մշակութային, կրթական և ժամանցային կյանքին: Ժառանգելով Փարաջանովի հյուրընկալության ավանդույթները ՝ թանգարանի հյուրընկալ դռները այցելուների համար բաց են ամեն օր, որոնց համար թանգարանը կազմակերպում է տարբեր միջոցառումներ և հյուրընկալություններ:Փարաջանովի տոնակատարությունը չի սահմանափակվում միայն թանգարանի տարածքով, ընդհակառակը, ցուցահանդեսների շնորհիվ այն «ճանապարհորդում է» աշխարհի հայտնի թանգարաններով և պատկերասրահներով:Իր գոյության 30 տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է 65 ցուցահանդես Կաննում, Սալոնիկում, Մոսկվայում, Հռոմում, Լոնդոնում, Լոս Անջելեսում, Թեհրանում, Փարիզում, Մոնրեալում, Բրյուսելում, Ստամբուլում և այլն:
Երբ ձեր միջոցառումն անցկացնում եք թանգարանում, դուք օգտագործում եք նրա մշակութային արժեքը` իրադարձությունից առաջ, ընթացքում և հետո՝ հեղինակություն և հուզմունք ստեղծելու համար: Այս ձևաչափի «հրավերը» կարող է երաշխավորել մասնակիցների մեծ հոսք, քան ավանդական միջոցառումներին: Սերգեյ Փարաջանովի թանգարանն ունի նաև վառ ճարտարապետություն և ներքին գրավիչ հատկություններ:Հավելյալ Դուք կարող եք թանգարանում կազմակերպել դասախոսություններ, արվեստի գործերի քննարկումներ կամ կազմակերպել հատուկ էքսկուրսիաներ ձեր հյուրերի համար:
“Art support”
հիմնադրամ
«Արվեստի ընկերներ» մշակութային բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. ապրիլին: Հիմնադրամի առաքելությունն է աջակցել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական ժառանգության ձեռքբերման, ուսումնասիրման, պահպանման և հանրահռչակման գործընթացներին, Սերգեյ Փարաջանովի թանգարանի արդիական խնդիրների լուծմանը և զարգացման նպատակ հետապնդող նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև աջակցել «Սերգեյ Փարաջանովի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող գիտակրթական և սոցիալ-մշակութային զարգացմանն ուղղված ծրագրերին։